Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Ինչպես բարձրացնել աշխատունակությունը

Ինչպես բարձրացնել աշխատունակությունը

«Հիմա կմտնեմ հաշվապահի մոտ» (իսկ մտքումդ՝ «Ո՜նց եմ հոգնել»), «Հիմա կհանձնեմ հաշվետվությունը» («Էլ չեմ կարողանում աշխատել»), «Կզբաղվեմ այդ կազմակերպչական հարցերով» («Հանգստանա՛լ եմ ուզում»). կարոտով հիշում ես արձակուրդդ, ու աշխատելն ավելի է դժվարանում:

 

Երբեմն ուժերդ էլ չեն բավարարում, անընդունակ ես լինում որևէ բան անելու և սկսում ես նույնիսկ մտածել, որ այդ աշխատանքը քեզ համար չէ: Մի՛ հուսահատվիր. կան աշխատունակությունը բարձրացնելու ձևեր, որոնց հետևելով կարող ես խուսափել նշված իրավիճակներից ու բարձր ՕԳԳ ցուցաբերել: Իսկ այս ամենի վարձատրությունը, կարծում եմ՝ գիտես, ինքնաբավարարվածությունն ու շա՛տ բարձր տրամադրությունն են:

 

Կենտրոնացիր նպատակի վրա

 

Կենտրոնացիր ոչ թե աշխատանքային պրոցեսի, այլ նպատակիդ վրա: Բավական է հիշել միայն, որ շուտով պատրաստվում ես որևէ նոր իր գնել (հեռախոս կամ, ինչու ոչ, այն գայթակղիչ զգեստը, որն ամեն անգամ «ժպտում» է քեզ ցուցափեղկից) կամ նվերներով ուրախացնել մտերիմներիդ, ու աշխատանքդ ավելի արագ ու հաճույքով կանես:

 

Արձակու՛րդ, հե՛տ արի...

 

Կարոտում ես ծովափում անցկացրած հրաշալի օրե՞րը: Հուսահատվել պետք չէ: Աշխատանքիդ ճիշտ պլանավորման դեպքում հանգստյան օրերդ կարող ես մինի-արձակուրդ դարձնել ու մտերիմներիդ հետ քաղաքից դուրս մեկնել: Ամռան կիզիչ օրերն արդեն անցյալում են, և այս թավշյա եղանակը լավագույն ժամանակն է նման հանգստի համար: Այս միտքը ևս հրաշալի խթան կարող է դառնալ. կենտրոնացիր դրա վրա, և աշխատանքային օրդ շատ ավելի արագ ու հաճելի կանցնի:

 

Ասեմ ավելին. շաբաթվա մեջ մի քանի անգամ կամ նույնիսկ ամեն օր աշխատանքի ավարտից հետո անմիջապես տուն մի՛ գնա: Օրդ պլանավորիր այնպես, որ երեկոյան հանդիպես ընկերներիդ, ու միասին որևէ տեղ գնաք՝ հոգնածությունը թոթափելու: Միայն այն միտքը, որ մի քանի ժամից կվայելես քո սիրելի կոկտեյլն ու կքչփչաս քո մտերիմների հետ, շատ արագ կբարձրացնի տրամադրությունդ և ՕԳԳ-դ:

 

Ծիծաղ, ծիծաղ, ծիծա՛ղ

 

Ծիծաղն աշխատունակությունը բարձրացնելու հրաշալի միջոց է. աշխատանքային փոքրիկ դադարներին կարող ես անեկդոտներ ու ծիծաղելի պատմություններ կարդալ կամ գործընկերներիդ հետ միասին վերհիշել ձեր կյանքի զվարճալի դրվագները. սա կբարձրացնի տրամադրությունդ ու նոր լիցքեր կհաղորդի:

 

Իսկ այժմ մի քանի խորհուրդ, որ քեզ անպայման պետք կգա.

 

1. Պարբերաբար օդափոխիր սենյակդ. թթվածնի անբավարարությունը քնկոտություն է առաջացնում:

 

2. Քնի կանոնավոր ռեժիմ պահիր. 7-8 ժամ քունը պարտադիր է աշխատող օրգանիզմի համար:

 

3. Շրջապատիր քեզ դեղին իրերով. այս գույնը թարմացնող ազդեցություն ունի և խթանում է ուղեղի աշխատանքը: Լավ կլինի՝ դեղինի հանգիստ երանգներով նկար տեղադրես սեղանիդ վրա ու օրական մի քանի անգամ հայացքդ հառես դրան:

 

4. Փոքր-ինչ փոխիր աշխատասենյակիդ կահավորանքը. ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա տրամադրվածությանդ վրա ու նոր ուժեր կհաղորդի՝ չթողնելով ձանձրանալ:

 

5. Կարգի բեր սեղանդ, հեռացրու բոլոր ավելորդ իրերը. թափթփված գրասեղանը միշտ էլ ճնշող ազդեցություն է ունենում ուղեղի վրա:

 

6. Ալկոհոլ, ծխախոտ. ավելորդ եմ համարում հիշեցնել այս մասին: Եվս մեկ բան. մի՛ չարաշահիր սուրճը. դրա մեջ պարունակվող կոֆեինն ավելի շուտ կախվածություն կառաջացնի, քան կօգնի թարմանալ:

 

7. Ուղեղի աշխատանքը խթանելու համար խորհուրդ է տրվում շատ օգտագործել գազար (գազարի ֆրեշը հրաշալի տարբերակ է), ընկույզ, ձուկ ու կաթնամթերք: Աշխատիր խուսափել խմորեղենից, քանի որ քաղցր սնունդը մարսելիս В խմբի բավական շատ վիտամիններ են սպառվում, իսկ վերջիններս նպաստում են ուղեղի աշխատունակությանը: 

 

8. Բանանը կբարձրացնի տրամադրությունդ, իսկ տաք շոկոլադը կցրի նյարդայնությունդ, միայն եթե չչարաշահես:

 

9. Պարբերաբար խմիր ժենշենով կամ կիտրոնով թեյ:

 

10. Լսիր ցածր երաժշտություն, ցանկալի է՝ գործիքային կամ բնության ձայներից կազմված կոմպոզիցիաներ (ալիքների, թռչունների կամ ջրի ձայներ):

 

11. Չմոռանաս ցիտրուսային բույրերի մասին. դրանք խթանում են ուղեղի արյան շրջանառությունը ու թարմացնող ազդեցություն ունեն: Կարող ես գրասեղանիդ վրա հոտավետ մոմեր ու յուղեր տեղադրել կամ պարզապես փոխել օծանելիքդ:

 

12. Երկար ժամանակ մի՛ նստիր նույն դիրքով, դադար տուր ու մի քանի րոպե մարզվիր: Վարժություններ արա ուսերի, վզի, թևերի մկանների հոգնածությունը թոթափելու համար:

 

P.S. Հոգ տար քո մասին, որպեսզի նույնիսկ խիստ ծանրաբեռնվածության դեպքում թարմ և առույգ տեսք ունենաս: Վայելիր յուրաքանչյուր օրդ ու պարզապես երջանիկ եղիր:

Հեղինակ. Cosmo հոգեբան Վերգինե Եսայան, պատրաստեց Գայանե Գալստյանը
Սկզբնաղբյուր. cosmo.am
Աղբյուր. slaq.am
Լուսանկարը. constructorus.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ